Արմեն Երիցյանը կեղտոտ հերյուրանք ու քաղաքական սադրանք է համարում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Արմեն Երիցյանը բջջայինով հարվածել է» տպագրվածքը:
«Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է, և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրան վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Ես այդ հերհյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ»,- նշված է ԱԻ նախարարի տարածած հերքման մեջ:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում գրված է. «ԱԽՔ քարտուղարը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից` դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Մասնավորապես` նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «քցել» է իրենց և ոչինչ չի արել ՕԵԿ-ի շռնդալից մուտքը խորհրդարան ապահովելու համար:
Բաղդասարյանը մի քանի հոգու ներկայությամբ նկատել է, թե այդ հինգ տոկոսը իրենք կարող էին հավաքել հենց միայն իր հրապարակային ելույթների հաշվին, խոսակցության ընթացքում Բաղդասարյանն այնքան է ոգևորվել, որ որոշել է հայհոյել Սերժ Սարգսյանին` միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է: Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին»: