Բաքվում կայացող «Եվրատեսիլ-2012»-ը հավաքելու է ռեկորդային քանակությամբ հեռուստադիտող, որոնց մեծ մասը նայելու է այն ոչ թե հաղթողի անունը լսելու, այլ տեսնելու` արդյոք այն կդառնա քաղաքական հարթակ, թե ոչ: Այդ մասին խոսում է CNN հեռուստաընկերության լրագրող Ատիկա Շուբերտը:
Նա զրուցել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադին Ղուրբանովի հետ, ով ասել է, որ «մարդկանց անվտանգությունը ապահովված է սահմանադրությամբ, բայց մենք 20 տարվա երկիր ենք և նոր ենք կառուցում դեմոկրատական հասարակություն, այն հեշտ չէ մեզ համար»:
Նախկին քաղբանտարկյալ, Լոնդոնում սովորող Էմին Միլլին, ով 17 ամիս բանտ է նստել Ադրբեջանում ծաղրական հոլովակ համացանցում տեղադրելու համար, ասում է, որ դիտելու է այն և շատ կցանկանար, որ բեմում ելույթ ունեցող երգիչներից գոնե մի քանիսն ասեին. «Մենք պահանջում ենք ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ BBC հեռուստաընկերության լրագրող Փոլ Քենյոնն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող Ալիևների բռնապետությանը և երկրում «Եվրատեսիլ» երգի մրցույթի քաղաքականացվելու փաստին: Ռեպորտաժը կոչվում է «Ադրբեջանի «Եվրատեսիլի» կեղտոտ գաղտնիքները»: