6 հուլիսի 2004 - 23:54 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի (Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ) Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանն անդամակցության կապակցությամբ հուլիսի 7-ին Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը: Ինչպես տեղեկացրել են Երեւանում ԵՄ ներկայացուցչությունում, տարածաշրջանային բնույթ կրող երկօրյա այցի ընթացքում եվրահանձնակատարը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության, պատգամավորների եւ ընդդիմության առաջնորդների հետ: Բացի այդ նա կհանդիպի Հայաստանի քաղաքացիական եւ գործարար հասարակայնության ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում հանձնակատարը կներկայացնի «Եվրոպական հարեւանության» քաղաքականությունը, դրա նպատակները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հաջորդ քայլերը, որոնք պետք է տարածաշրջանի երկրների կողմից ձեռնարկվեն` Եվրամիության Խորհրդի որոշումներին հետեւելու համար: Կքննարկվեն նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Պոտոչնիկը կշոշափի նաեւ Հարավային Կովկասում եղած հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու թեմաները: