«Ժողովուրդը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը զայրացած է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի վրա: «Բանն այն է, որ Սարգսյանին տեղեկացրել են, թե Շաբոյանն իր ամեն մի քայլը զեկուցում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Անգամ երբ պետք է ինչ-որ կազմակերպության տուգանի, Շաբոյանը «թույլտվություն» է հարցնում վարչապետից: Փորձեցինք լուրը ճշտել ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից, որն ասաց. «Տեղեկատվությունը լիարժեք անհեթեթություն է, նման խոսակցություններ ընդհանրապես չկան: Պարոն Շաբոյանը լավ հարաբերություններ ունի և´ երկրի նախագահի, և´ վարչապետի հետ, ու որևէ խնդիր կամ բարկանալու առիթ չի եղել: Ավելին, հանձնաժողովի աշխատանքը շատ բարձր է գնահատվել, որը բազմիցս բարձրաձայնվել է: Իսկ տուգանքների առումով ասեմ, որ հանձնաժողովն անկախ է, և ոչ մի քննարկում չի լինում ո՛չ վարչապետի և ո՛չ էլ նախագահի հետ»,- գրում է պարբերականը: