25 մայիսի 2012 - 13:12 AMT
ՀՀ ոստիկանություն. Պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի «Վերջին զանգը»

Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով: ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է դպրոցականներին. «Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը»:

Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները`տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

«Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի: Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ: Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում: Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո: Աստված ձեզ պահապան»,- նշված է ոստիկանության տարածած ուղերձում: