Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մել Գիբսոնի հետ «Բյուզանդիայի Արևելքը» նախագծի վերաբերյալ ձեռք բերված նախնական համաձայնության մասին: Ի պատասխան այս հայտարարության` Fugitive Studios Entertainment Armenia-ն հաստատում է, որ հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ և ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն այս առիթով իսկապես հանդիպել է Մել Գիբսոնի և Հայաստանի նախագահի ներկայացուցիչների հետ:
Կուպելյանի և հայտնի կինոպրոդյուսերի միջև հանդիպումները սկսվել են 2011 թ-ի մայիսի 11-ին Մոսկվայում և շարունակվել են մինչև այս տարվա ապրիլ ամիսը: Առայժմ չբացահայտելով ընթացակարգային մանրամասները Fugitive Studios Entertainment-ը ցանկանում է նշել, որ Կուպելյանի նախագիծը՝ «Բյուզանդիայի Արևելքը», սկսվում է մ.թ. 301թ-ին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումից մինչև մ.թ. 451թ-ի Ավարայրի ճակատամարտը և դրան հաջորդող հաղթանակները: Կուպելյանի և Գիբսոնի միջև կայացած վերջին հանդիպումը խոստումնալից էր, սակայն բանակցությունները դեռևս նախնական փուլում են: Նախագծի հավանական պրոդյուսերների հետ բանակցություններն ընթացքի մեջ են՝ մինչև տարվա վերջ հստակ պայմանավորվածության հասնելու նպատակով:
«Բյուզանդիայի Արևելք»-ի շուրջ աշխատանքները ծավալվեցին Նոր Զելանդիայում 2002թ-ին և բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ շարունակվեցին`տարածվելով Հոլիվուդում և բավականին մեծ տարածում գտնելով թրեյլերի տեսագրության միջոցով: Վերջերս «Բյուզանդիայի Արևելքից» ներշնչված՝ հաջողությամբ լույս տեսավ առաջին գրաֆիկական պատումը` «Պատերազմի աստվածները», և ներկայումս թարգմանվում է իսպաներեն: Ֆեյսբուքի էջն արդեն հատել է 9000 երկրպագուների սահմանը և ընդունում է այցելուների ողջ աշխարհից:
Կուպելյանն ասել է. «Հայկական մշակույթը ռազմական վարքականոնի թեմաներով ներկայանալու կարիք ունի, այլ ոչ թե զոհի կերպարով: Այս նախագիծը, որն անձամբ ֆինանսավորել եմ տասը տարի, հենց այդ գաղափարի հիման վրա է ձևավորվել»:
Fugitive Studios Entertainment-ը սեփական ուժերով փնտրում է այլ հնարավորություններ այս նախագիծը մեծ էկրան բարձրացնելու համար, հայտնում է Deem Communications ընկերությունը: