Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության ճնշմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այս մասին ասվում է մայիսի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:
Եվրապատգամավորները համոզված են, որ Բաքվում մայիսի 26-ին «Եվրատեսիլի» անցկացումը պետք է Ադրբեջանի համար հնարավորություն դառնա ցուցադրելու իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բանաձևում կոչեր են պարունակվում, ուղղված Ադրբեջանի իշխանություններին, մեծ ջանքեր ներդնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում` մեղադրանքների, դատավարության, դատավճիռների, պատիժների:
Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, ինչպես նաև ԵԽ-ին ու Եվրահանձնաժողովին մանրակրկիտ մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Եվրատեսիլից» հետո, իսկ ԵՄ անդամ պետություններին դիտարկել մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: