«Վերջին զանգի» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված այսօր 15։30–ի դրությամբ Երևան քաղաքի տուգանային հրապարակ է տարվել 25 մեքենա։ Այս մասին PanARMENIAN.net–ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Նա նշեց, որ այսօրվանից սկսած Երևանում մեկնարկում է անվտանգ երթևեկության 10–օրյակ։ Ոստիկանությունն ու հանրային մյուս ծառայություններն այսօր աշխատում են հատուկ ռեժիմով։ Ավելի վաղ ոստիկանությունը կոչ էր արել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին «Վերջին զանգի» օրը ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, հեռու պահել ոգելից խմիչքների օգտագործումից և անչափահասների միջև լարված ու տաքարյուն բախումներից։