ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հավանություն է տվել 2013թ. միջազգային ֆինանսական օժանդակության բյուջեին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը, կոմիտեն կոչ է արել հետագայում ևս ֆինանսական աջակցութուն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին ու ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին նախորդ տարիների չափով՝ չնշելով օժանդակության կոնկրետ ծավալները:
Բյուջեի նախագծին ծանոթ աղբյուրները նշում են, որ փաստաթղթով նախատեսվում է 2013 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 27,22 մլն դոլար որպես տնտեսական աջակցություն, 2,5 մլն դոլար առողջապահական ծրագրերի համար, 2,82 մլն՝ ուժային կառույցներին աջակցության նպատակով: Նախատեսվում է նաև 2,7 մլն դոլար հատկացնել որպես ռազմական օգնություն ու 600 հազար դոլար՝ ռազմական կրթական ծրագրերի իրականացման համար:
Մայիսի 15-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի արտերկրի գործողությունների գծով ենթակոմիտեն առաջարկել է 2013թ. Ֆինանսական տարում ավելացնել Ղարաբաղին հատկացվող հումանիտար օգնությունը, այն 2 մլն դոլարից հասցնելով 5 մլն դոլարի: Ենթակոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկությունը կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 7,2 մլն դոլարով: Ենթակոմիտեն կարևորել է ռազմական հավասարակշռության պահպանումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և կոչ է արել մշակել հայաբնակ Ջավախքին նպատակային օգնության ռազմավարությունը: Այդ առաջարկները ընդգրկվել են 2013 ֆինանսական տարվա բյուջեի օտարերկրյա հատկացումների նախագծում: Բյուջեի նախագծի հայերին վերաբերող դրույթները հետևյալն են` Օտարերկրյա հատկացումների բազմամիլիարդ կրճատումների ֆոնի վրա ենթակոմիտեն առաջարկում է ավելի քան երկու անգամ` 2 մլն դոլարից մինչև 5 մլն դոլար, ավելացնել օգնությունը Լեռնային Ղարաբաղին, որը կներառի մարդասիրական օգնություն և աջակցություն Ղարաբաղի զարգացմանը:
Ենթակոմիտեն առաջարկում է նաև ոչ պակաս քան 40 մլն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին, այդպիսով մերժելով Օբամայի վարչակազմի առաջարկը 2013 թ. Ֆինանսական տարում օժանդակության ծավալը մինչև 32,5 մլն դոլար նվազեցնելու մասին:
Կարևորելով Վրաստանի հայաբնակ Սամցխե -Ջավախքի բարեկեցությունը` ենթակոմիտեն համապատասխան կառույցներին առաջարկում է մշակել տարածաշրջանի զարգացման ռազմավարությունը:
Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ենթակոմիտեն առաջարկում է հատկացնել երկու երկրներին 2,7 մլն դոլար յուրաքանչյուրին որպես օտարերկրյա ռազմական օժանդակություն և 600 հազարական դոլար ռազմական կրթության ծրագրերին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Երկու փաստաթղթերն էլ՝ և Սենատինը, և Ներկայացուցիչների պալատինը, կդրվեն քննարկման: