26 մայիսի 2012 - 17:14 AMT
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանում կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը

Ապրիլի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական` 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկումների հիմնական թեմաներն էին ԵԽ քաղաքականությունը հարևան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:

Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության և մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ըստ նրա, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով և այդ առնչությամբ կոչ արեց Եվրոպայի խորհրդին և անդամ երկրներին հետևողական քայլեր ձեռնարկել նման դրսևորումները բացառելու և դատապարտելու ուղղությամբ:

Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը: