28 մայիսի 2012 - 14:10 AMT
Շարմազանով. Ժամանակը ցույց կտա արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում

Ժամանակը ցույց կտա, արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում>: Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամլո քրտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չեմ մեկնաբանում այլ քաղաքական ուժերի աշխատանքային ոճը: Նման հարցեր պետք է տալ ԲՀԿ-ին»,-ասել է Շարմազանովը:

ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ նպատկահարմար չի գտնում մասնակցելու կոալիցիոն կառավարությանը:

«Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»,-ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում: