12 հուլիսի 2004 - 19:35 AMT
«ԿԻԼԻԿԻԱ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՄԵԾ ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆ
Հուլիսի 11-ին վրացական Փոթի նավահանգստից մեծ նավարկության դուրս եկավ «Կիլիկիա» հայկական առագաստանավը: «Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանի խոսքերով, որը գլխավորում է արշավախումբը, հայկական դրոշով նավը կկրկնի կիլիկիացի վաճառականների երթուղին, որոնք 13-րդ դարում սերտ առեւտրային կապեր էին պահպանում եվրոպական նավահանգիստների հետ: Նավը կառուցվել է Երեւանի մերձակայքում 13-րդ դարի գծագրերով եւ նկարներով եւ տեղափոխվել է Հայաստանից Փոթի թրեյլերի վրա: Դուրս գալով Վրաստանից` «Կիլիկիան» կշրջանցի Եվրոպան յոթ ծովերով եւ 22 պետությունների մոտով: Բալայանի խոսքերով, ճամփորդությունը կանցնի երկու փուլով` առաջինը ներառում է նավարկություն Փոթիիից մինչեւ Վենետիկ, որտեղ նավը կկանգնի ձմեռման, իսկ հաջորդ տարվա աշնանը կիրականացվի երկրորդ փուլը` Վենետիկ-Ամստերդամ: Ենթադրվում է, որ նավահանգիստներում կանցկացվեն մշակութային միջոցառումներ եւ հանդիպումներ տարբեր երկրների հայկական համայնքների հետ: Տվյալ արշավը կոչված է հիշեցնել աշխարհին, որ հին Հայաստանը եղել է ծովային պետություն եւ ունեցել է իր առեւտրային նավատորմը, նշել է Կարեն Բալայանը: