29 մայիսի 2012 - 15:06 AMT
Երիտասարդ նախաձեռնողները ցանկանում են նախագահին կից խորհուրդ ստեղծել՝ առանց ծրագրի և առաջարկների

Արման Սարգսյանը առաջարկում է ստեղծել ՀՀ նախագահին կից երիտասարդության հարցերով խորհրուդ, և ներկայանում է որպես նախաձեռնող խմբի ղեկավար: Նրա խոսքով, նա երիտասարդներին «ներքևից է նայում» և գիտի նրանց խնդիրները, հետևապես նա պետք է ղեկավարի նման խորհուրդը: Մամլո ասուլիսում տրված այն հարցին, թե ինչ լուծումներ կամ նախագծեր է նա ներկայացնելու, կոնկրետ պատասխան չկարողացավ տալ, և ասաց, որ դա կլինի խորհրդի ստեղծումից հետո: «Նախագիծը» ներկայացվել է մոտ երկու ամիս առաջ, սակայն պատասխան դեռ չկա:

ՀՀ վարչապետին կից Ազգային երիտասարդական քաղաքական խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը, որը նույնպես հրավիրված էր ասուլիսի, լրագրողներին ասաց, որ երիտասարդներն ունեն նախաձեռնություն, սակայն չգիտեն, թե ինչ կառուցվածք է այն ունենալու, ինչպիսի ծրագրերով են ներկայանալու: «Շատ խակ ցանկություն է», ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդների խնդրին՝ Ատոմ Մխիթարյանը ասաց, որ Սպորտի և երիտասարդության նախարարությանը տարեկան տրամադրվում է շուրջ 400 մլն դրամ: Նրա խոսքով, պետությունը երիտասարդ գիտնականներին օգնում է մատչելի գներով բնակարան ձեռք բերել, տրամադրում է վարկեր` ցածր տոկոսադրույքներով: