13 հուլիսի 2004 - 19:27 AMT
«ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ՀԻՄՆՎԱԾ ԻՐԵՆՑ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործանախարար Վարդան Օսկանյանի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Պաշտոնական աղբյուրների հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում համանախագահներն իրենց տեսանկյունն են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ, ինչպես նաեւ «ղարաբաղյան կարգավորման հնարավոր հեռանկարները` հիմնված իրենց դիտարկումների վրա»: Այդ կապակցությամբ Վ. Օսկանյանը կրկին պարզաբանել է Հայաստանի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այսօր հուլիսի 13-ին, համանախագահները կայցելեն Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Այնուհետեւ միջնորդները կմեկնեն Բաքու: