31 մայիսի 2012 - 09:17 AMT
«Հայակական ժամանակ». Նախագահական ընտրություններից հետո կոալիցիան կընդլայնվի

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան՝ ժամը 21-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթոտ Բաղդասարյանը և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր:

«Համաձայնագրի տեքստը բավական կարճ է, իսկ հիմնական կետն այն է, որ առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական կոալիցիան հանդես է գալու միասնական թեկնածուով, որը լինելու է Սերժ Սարգսյանը: Ավելի ընդլայնված կազմով կոալիցիա կարող է ձևավորվել նախագահական ընտրություններից հետո: Ըստ իշխանական կուլիսներում շրջող լուրերի, ընդլայնված կազմով կոալիցիայի մաս կարող է կազմել անգամ «Ժառանգություն» կուսակցությունը: Համենայնդեպս, այս ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրել է այդ հարցը քննարկել մի շարք ուժերի ղեկավարների հետ, իսկ ՀՀԿ խոսնակը պաշտոնապես հաստատել է, որ Ս. Սարգսյանն այլ ուժերի հետ քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում` ըստ էության չհերքելով, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ևս նման հանդիպում է եղել»,- գրում է թերթը: