31 մայիսի 2012 - 10:35 AMT
«Ժողովուրդ». Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը չէր մասնակցում ՀՀԿ խորհրդի նիստին

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ խորհրդի նիստից երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահն է, ընտրություններում` ՀՀԿ շտաբի պատասխանատուն: ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի ջախջախիչ պարտությունից հետո այլևս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար:

«Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել, սակայն արդյունքում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ-ին պարտվել էր ավելի քան 12 հազար ձայնով` չհաշված այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ողջ մարզում մեծամասնական ընտրակարգով պարտվել են ԲՀԿ-ականներին: Ըստ տեղեկությունների` Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է ասել, որ չի ցանկանում «Վարդանիկի դեմքը տեսնել»,- գրում է«Ժողովուրդ»-ը: