31 մայիսի 2012 - 14:26 AMT
ԴԱՀԿ ծառայությունում այսօր 70–ից ավելի երեխաներ մասնակցեցին տոնական միջոցառման

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում այսօր կազմակերպվել էր միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Միջոցառումը նախատեսված էր 5-10 տարեկան այն երեխաների համար, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 70 երեխաներ:

Տոնական միջոցառմանը երեխաներին ուրախացնելու էին եկել հեքիաթների հերոսներ, նրանք միասին երգեցին ու պարեցին: Վերջում ԴԱՀԿ աշխատակիցները երեխաներին նվերներ հանձնեցին:

Գևորգյան Նինան միջոցառմանն էր եկել իր 9-ամյա տղայի` Ալենի հետ: Նա PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ԴԱՀԿ ծառայույթյունը զբաղվում է նրա ալիմենտների բռնագանձման հարցերով և հրավիրել է իրեն մասնակցելու միջոցառմանը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը շնորհավորեց երեխաներին վաղվա տոնի կապակցությամբ. «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի երջանիկ լինելու և յուրաքանչյուրիս պարտականությունն է ապահովել այդ երջանկությունը>:

Ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1362 կատարողական վարույթ, որից 854-ը ` մարզերից: Աշխատանք է տարվում մոտ 2500 երեխայի հետ, որից 1500-ը մարզերից են: