Փակ շուկայի հետ կապված ցանկացած շինարարական գործընթաց պետք է դադարեցվի, կազմակերպվի նախագծի մասնագիտական և հանրային քննարկում, որից հետո միայն կարելի է թույլ տալ շուկայում շինարարական աշխատանքների իրականացում։ Այսօր «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
«Եթե կառուցապատողը շարունակում է այդպես իրեն պահել, կա միջազգային փորձ, որ եթե սեփականտերը չի կարողնում պատմաճարտարապետական հուշարձան համարվող շենքը պահպանել, ապա այդ պարտավորությունն իր վրա է վերցնում պետությունը։ Ամենավերջին քայլը պետք է լինի այն, որ պետությունը սեփականատիրոջից հետ վերցնի այդ շինությունը և թույլ չտա, որպեսզի մի մարդ, ով ի վիճակի չի պահպանել հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձանը, լինի նման շենքի սեփականատեր»,–ասաց ճարտարապետը։
Իսկ իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ, Հին Երևանի շենքերը քանդելով, «մաքրում են» երևանցիների հիշողությունները. «Մենք շատ ենք սիրում խոսել, որ հարևան պետության ներկայացուցիչները գերեզմաններ են քանդում, այսինչ տեղում եկեղեցի փլուզվեց։ Ձևացնում են, թե սրտները ցավում է, սակայն սուտ են ասում, ոչ մեկի սիրտը չի ցավում, եթե սիրտը ցավեր, մենք մեր ձեռքով մեր հայրենիքը չէինք կործանի։ Այդ մարդիկ ճաշակ չունեն, այդ մարդիկ հիշողություն չունեն, այդ մարդիկ Մալաթիայի բարակներից այն կողմ երևի ոչ մի բան չեն տեսել և չեն պատկերացնում ինչ բան է քաղաքը։»,–հավելեց Ավետիք Իշխանյանը։