Մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ: Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվեց ռուս-բրիտանական և հայ-բրիտանական մշակութային և հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով:
Տեղի ունեցավ զրույց ստեղծագործական մտավորականության` ժողովրդական դիվանագիտության, հումանիզմի և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման մեջ դերի և կարևորության մասին:
Այստեղ պատմության մեջ վառ օրինակ դարձան անգլիացի մեծ գրող Լորդ Ջորջ Բայրոնը, որը 1816թ. այցելել էր հայկական Մխիթարյան միաբանություն Սուրբ Ղազար կղզում `և ոգեշնչված հայ մշակույթով, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսեց ուսումնասիրել հայոց լեզուն: Իսկ Վալերի Բրյուսովը, ռուս պոետ, գրական քննադատ, թարգմանիչ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, 1916թ. ստեղծեց ռուսերեն լեզվով հայկական պոեզիայի հռչակավոր անթոլոգիան, որի միջոցով բացահայտեց «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի և հայկական պոեզիայի մեծությունը:
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության անունից Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց Վալերի Բրյուսովի շքանշանը` ժողովուրդների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար: Հանդիպմանը մասնակցեցին Հումանիտար օգնության տրամադրման Բրիտանական հոգաբարձական խորհրդի ներկայացուցիչներ Հայր Դավիթ Թոմիսը, Լյուսի Քլեմենսը, հայ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը: