2 հունիսի 2012 - 18:09 AMT
Մուբարաքը մնացած կյանքը կանցկացնի բանտում

Կահիրեի Քրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել 2011թ. հունվարյան ժողովրդական ապստամբության ժամանակ խաղաղ ցուցարարների մահվանը հանցակից լինելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

84-ամյա Մուբարաքը ցմահ բանտարկության է դատապարտվել: «Հոսնի Մուբարաքը ցմահ բանտարկության է դատապարտվում ցուցարարների դեմ ուժ կիրառելու վերաբերյալ մեղադրանքներով»,- ասել է դատական գործընթացի գլխավոր դատավոր Ահմեդ Ռիֆաաթը:

Ցմահ բանտարկության է դատապարտվել նաև ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլին: Բոլոր մնացած մեղադրյալները արդարացվել են: Նախկին նախագահի որդիներ Ալայի և Գամալի հանդեպ մեղադրանքները հանվել են «ժամկետանց լինելու պատճառով»: