2012թ–ի սեպտեմբերից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կգործի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։
«Վաղուց կար գաղափար ունենալ մի ծրագիր, որը կպատրաստեր այնպիսի մասնագետներ, ովքեր քաջատեղյակ կլինեին տարածշրջանի երկրների արտաքին և ներքին քաղաքականությունից»,–ասաց Քեռյանը` նշելով, որ ծրագրի ընթացքում ուսանողները տարածաշրջանի երկրների` Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ներքին և արտաքին քաղաքականության մասին հետազոտություններ կանցկացնեն։
Նրա խոսքով, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշխարհի ուժային կառույցների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Չինաստանի և Եվրամիության տարածաշրջանում վարած քաղաքականությունը։
Մյուս բանախոս ԵՊՀ Հայագիտագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Թերզյանը նշեց, որ ծրագիրը կլրացնի ուսումնասիրություններում առկա բացը.«Այն համալիր գիտելիքներ կտա տարածաշրջանային քաղաքականության մասին, թե տնտեսական, թե քաղաքական գործընթացների առումով»։
Բանախոսներն ասացին, որ մեծ ուշադրություն են դարձրել դասախոսական կազմի ընտրությանը, ընտրվել են դասախոսներ ԵՊՀ տարբեր ամբիոններից, Հայաստանի այլ բուհերից, մասնագետներ, ովքեր ունեն արտասահմանյան կրթություն։
Մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է` առկա ուսուցմամբ, քննությունները կմեկնարկեն հունիսին և սեպտեմբերին։ Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն բակալավրի աստիճան հումանիտար գիտություններում։ Վարձավճարը 400-450 դրամ է լինելու։