2 հունիսի 2012 - 15:16 AMT
Հայաստանի 10 թանգարաններ նվեր ստացան համակարգիչներ

Երևանի 2 և մարզային 8 թանգարաններ նվեր ստացան համակարգիչներ: ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանային աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ Մարինե Հարոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում ասաց, որ այն արդեն երկրորդ տարին է, որ իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արևելյան մասնաճյուղի աջակցությամբ: Անցած տարի Հայաստանի 19 թանգարանների նվիրաբերվեցին համակարգիչներ: «Բոլորս գիտենք, որ երևանյան թանգարանները շատ ավելի լավ վիճակում են, քան մարզայինները, և մենք մտածում ենք, որ սա պետք է լինի առաջին քայլը մարզերի թանգարանների համար»,- ասաց Հարոյանը: Նրա խոսքով, միգուցե հետագայում մասնագետներին վերապատրաստելու կարիք լինի, քանի որ մարզերի թանգարանների նմուշները կթվայնացվեն: Նրա կարծիքով նվիրաբերված համակարգիչները այդ բացը չեն լրացնի, քանի որ փոքր են, բայց ինչ որ չափով անպայման կօգնեն:

Համակարգիչ ստացան Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, Գավառի, Լոռի-Փամբակի, Գյումրիի, Դիլիջանի, Կապանի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանները, Հրազդանի պատկերասրահը և Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

«Համակարգչի կարիքը շատ էր զգացվում, հատկապես, երբ նմուշների թվայնացման մասին խոսակցություն է գնում: Համակարգիչը կօգնի նախնական թվայնացման պրոցեսում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Լոռի-Փամբակի թանգարանի աշխատող Անուշ Հայրատյանը: Նրա խոսքով թանգարանը բավական աղքատ է գույքով և տեխնիկայով, և չունեն նույնիսկ լուսանկարչական ապարատ, արժեքավոր ցուցանմուշները լուսանկարելու համար: