4 հունիսի 2012 - 13:17 AMT
Սոցիոլոգ. Արցախում արտագաղթ չկա. Ամեն տարի 500-600 մարդ է ներգաղթում ԼՂՀ

Արցախի Հանրապետությունում արտագաղթ գրեթե չկա։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, ով «Ազատ Արցախ» կուսակցության պատվերով մայիսի 26-27–ը Արցախում սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել։ Սոցիոլոգի համոզմաբ, ընդհակառակը` ներգաղթի գործընթաց է է նկատվում այնտեղ։

«Ամեն տարի մոտավորապես 500-600 քաղաքացի վերադառնում է Արցախ մշտական բնակություն հաստատելու։ Բնակիչների շրջանում մեծացել է երիտասարդների թիվը։ ԱյԺմ թոշակառուները Արցախի բնակչության 17 տոկոսն են կազմում։ Սա ներգաղթի և ծնելիության բարձրացման հետևանք է»,–ասաց նա։

Ադիբեկյանի հավաստմամբ, Արցախում հիմնականում երկու սոցիալական խնդիր կա` աշխատատեղերի բացակայություն և բնակարանների։

Սոցիոլոգի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տնտեսական վիճակը, նախորդ տարիների համեմատ, լավացել է։ Միջին աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով։

Արցախցիների 19 տոկոսը, ըստ հետազոտության, իրեն համարում է աղքատ, 73 տոկոսն իր սոցիալական դրությունը գնահատում է համեստ, իսկ 8 տոկոսը` ունևոր։

Ադիբեկյանը աղքատության ցածր ցուցանիշը, ի տարբերություն Հայաստանի, պայմանավորում է նրանով, որ Արցախում ավելի ցածր դժգոհության ալիք է և սոցիալական լարվածություն չկա։