5 հունիսի 2012 - 18:31 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դատապարտել Բաքվի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանն ու ֆրենկ Փալլոունը երեքշաբթի դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Կոնգրեսականները կոչ են արել տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Հիլարի Քլինթոնին հանդես գալ Բաքվին ուղղված հայտարարությամբ, մտահոգություն են հայտնել Ալիևի ռեժիմի ԱՄՆ կողմից սպառազինության վաճառքի վերաբերյալ և կոչ են արել խստացնել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի հանդեպ, որով արգելվում է ռազմական օգնությունը Բաքվին Հայաստանի շրջափակման պատճառով:

«Ադրբեջանական սադրանքները շփման գծում Ալիևի ռեժիմի ռազմական հռետորության անմիջական արդյունքն են և պետք է կասեցվեն: Մենք պետք է բողջ խստությամբ կիրառենք 907-րդ ուղղումը և արգելենք զենքի վաճառքն Ադրբեջանին»,-հայտարարել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, իր հերթին, նշել է, որ Բաքուն հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դատապարտել ադրբեջանական դիվերսիան ու ապահովել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի հանդեպ:

Իսկ կոնգրեսական Փալոունը հույս է հայտնել, որ Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բաքվում հստակ կհասկացնի, որ Վաշինգտոնը չի հաշտվի բռնության հետ ու պատասխանատվության կենթարկի ադրբեջանական կողմին:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: