8 հունիսի 2012 - 13:26 AMT
«Ազատ դեմոկրատները» կօժանդակեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը 2013թ. նախագահական ընտրություններում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողներին հայտնել է, որ եթե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրի իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում, ապա իրենք կօժանդակեն նրան: Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ իրենք ընդհանուր թիմի մաս են կազմում:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին» նոր խորհրդարանում, ապա, Արզումանյանի խոսքով, իրենք «Ժառանգության» և ընդդիմադդիր ուժերի հետ միասին կփորձեն ազդել օրենսդրական նախաձեռնությունների վրա, առաջարկել սեփական նախաձեռնությունները:

Ընդ որում նա նկատել է, որ հաշվի առնելով իրենց խմբակցության սակավաթվությունը` 5 հոգի, իրենց հնարավորությունները սահմանափակ են: Ինչ վերաբերում է խորհրդարանում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ապա, Արզումանյանի խոսքով, իրենք համագործակցելու են բոլորի և առաջին հերթին Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅ Դաշնակցության հետ:

Արզումանյանը նաև հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միջև առկա տարաձայնությունների մասին: