28 հուլիսի 2003 - 19:20 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ԳՐԱՎԵԼ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Եվրամիությունը մտադիր է առաջատար դիրք գրավել Կովկասի հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից վերջերս հրատարակված հոդվածում: Հոդվածի հեղինակ Մայքլ Էմերսոնի կարծիքով, առաջիկայում հնարավոր կդառնա Աբխազիայի հակամարտության ամբողջական կարգավորումը: Այդ գործընթացի իդեալական շարունակությունը կարող է դառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Փաստորեն այսօր կարելի է աշխուժացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, քանի որ Թուրքիան նախաձեռնել է բանակցությունները Հայաստանի հետ եւ հետագայում հնարավոր է առեւտրի նորմալացման նպատակով հայ-թուրքական սահմանի բացում»,- նշվում է հոդվածում: Էմերսոնը նշել է, որ Վաշինգտոնի ստրատեգները բավական երկար ժամանակ է ինչ աշխուժություն են ցուցաբերում Աբխազիայի եւ Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Էմերսոնը բավականին քննադատաբար է արտահայտվել ԵՄ ղեկավարության հասցեին` մատնանշելով, որ վերջինս որեւէ նոր բան չի ձեռնարկել, բացի Կովկասի գծով իր հատուկ ներկայացուցչի նշանակումից: