ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հրավերով Հայաստանում է Լեհաստանի ազգային բանկի նախագահ գլխավորած պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումը Մարեկ Բելկայի գլխավորած պատվիրակության հետ, որին ներկա էին ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի կենտրոնական բանկի ու Լեհաստանի ազգային բանկի միջև: Նա հյուրերին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, գների և ֆինանսական կայունությանն ուղղված գլխավոր դրամատան կողմից վարվող քաղաքականությունը:
Մարեկ Բելկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի հետ իր պարբերական շփումները, երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը: Այնուհետև նա հանդես է եկել «Լեհաստանը և եվրոն» զեկույցով՝ անդրադառնալով Լեհաստանի ազգային բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությանը, լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացմանը: Լեհաստանի ազգային բանկի նախագահը խոսել է եվրոգոտում տիրող պարտքային ճգնաժամի, եվրոպական կենտրոնական բանկի քայլերի, եվրոգոտու ընդլայնման հեռանկարների մասին: Նա նշել է, որ Լեհաստանի Ազգային բանկը Եվրոհամակարգի մաս է կազմում և անցումը եվրոյին իր երկրի ընթացիկ ռազմավարական նպատակներից մեկն է:
Լեհաստանի ազգային բանկի պատվիրակությունը շրջայց է կատարել Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում, որտեղ հյուրերին հակիրճ ներկայացվել է Հայաստանի դրամաշրջանառության և բանկային համակարգի պատմությունը: