11 հունիսի 2012 - 16:25 AMT
Ադրբեջանական ստորաբաժանումների վրա կրկին հայկական տրակտոր է «հարձակվել»

Ադրբեջանական կողմի «ռազմաճակատային լուրերը» հաճախ վատ ֆիլմի վատ սցենար են հիշեցնում: Արդեն սովորական են դարձել մշտական հաղորդագրությունները «ականների վրա պայթածների, գետում խեղդվածների, բետոնի պատի տակ մնացած և ինքնասպան եղած զինծառայողների մասին»: Այդ փաստերի ետևում իրականում Հայաստանի ու Արցախի դեմ վերջին անհաջող դիվերսիաների ժամանակ սպանված ադրբեջանական բանակի զինծառայողներն են:

Խաղաղ ադրբեջանցիների դեմ «նենգ հայերի» հարձակումների սցենարների որոշ մանրամասներ մի քանի տարին մեկ կրկնվում են, ինչպես պատահեց նաև այս անգամ: Ադրբեջանական ստորաբաժանումներն է «գրոհել» հայկական տրակտորը: Ինչպես գրում է ադրբեջանական ռեսուրսներից մեկը, «հակառակորդը հունիսի լույս 5-ի գիշերը փորձել է առաջ անցնել, օգտագործելով որպես քողարկում տրակտորը: Տրակտորը վնասազերծվել է ադրբեջանական դիրքերից արձակած կրակի արդյունքում և հայերի առաջխաղացման փորձը ձախողվել է»:

Վերհիշենք 2010թ. մարտի 17-ը: Ադրբեջանցի զինծառայողները տրակտոր են գնդակոծել Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտ: Թեև այս անգմամ տրակտորը ադրբեջանական ստորաբաժանումների վրա չէր «հարձակվել», այլ գյուղաշխատանք էր իրականացնում: Լավ է, զոհեր չեն եղել:

Պարբերաբար ադրբեջանական մամուլում, հատկապես ամառվան մոտ, հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, թե հայկական կողմից Ադրբեջանի տարածք են ներխուժել օձեր ու հսկայական քանակի մորեխներ՝ նման հաղորդագրությունները նույնպես հենց այնպես չեն հայտնվում: