8 սեպտեմբերի 2004 - 19:02 AMT
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր առավոտյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամին: Ինչպես հաղորդել է Հայաստանի հանրային հեռուսատատեսության «Հայլուր» ծրագիրը, օդանավակայանում նրան դիմավորել է երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախագահ Խաթամիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի նախարարները եւ այլ պաշտոնական անձինք: Այսօր կկայանա նախագահների առանձնազրույցը, այնուհետեւ` բանակցություններ ընդլայնված կազմով: Նշենք, որ այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Մ.Խաթամիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Իրանի նախագահը նաեւ հանդես կգա Հայաստանի Ազգային ժողովի նիստում, կհանդիպի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ինչպես նաեւ կայցելի Երեւանի պետական համալսարան: