Հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել նաև «Արտոնագրային վճարների մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։
«Փաստորեն այս երկու նախագծով մենք էապես թեթևացնում ենք բեռը և ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում»,- նկատել է վարչապետը: Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել ևս մեկ օրենսդրական նախաձեռնության, որն ուղղված է խաղատների գործունեության կանոնակարգմանը։
Գործադիրը հավանություն է տվել «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։ «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը,- հավելել է նա։ - Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թելադրված է առաջիկա տարվա պետբյուջեի նախագծի մշակման պատշաճ ծրագրային հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ծրագիրը լրացնել կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագիրը պարունակող գլխով, անհրաժեշտության դեպքում կատարել ճշտումներ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին։