14 հունիսի 2012 - 19:10 AMT
Նկարիչների միությունում բացվեց «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը

Հունիսի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:

Ցուցադրությունը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի ժամանակակից գրքարվեստի և դիզայնի լավագույն օրինակները` այն, ինչ երբևէ չի ներկայացվել Հայաստանում:

Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված են 2008-2011 թվականների գրանշանների մրցույթի լավագույն աշխատանքները և TYPOLYRICS-ով արված պաստառներ (մասնակիցներին տրվել է գրանշան և երգ, ձևավորողները վերցնելով երգի տեքստից մի կտոր և ոգեշնչվելով երաժշտությամբ` թղթի վրա պատկերել են այն):

Լրագրողների հետ զրույցում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ թյուր կարծիք էր ձևավորվել, որ հայկական տառատեսակով հետաքրքրված են միայն հայերը: Փոխարենը մրցույթին մասնակցել են բազմաթիվ օտարազգիներ: Նա կարծում է, որ այս միջոցառումը կարող է նոր սկիզբ դնել Հայաստանը օտար երկրներում ճանաչելի դարձնելու գործում:

Բրիտանական կողմից ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արվեստների դպրոցի ղեկավար Փոլ Միդլթոնը և գրաֆիկ-դիզայներ, ակադեմիկոս Քերոլին Պուզզովիոն:

Որպես հիմնական ցուցանմուշներ հայ արվեստասերների գնահատմանը ներկայացվել են բրիտանական հրատարակչական մշակույթի նորարարական օրինակները, որոնք բրիտանական ստեղծագործական մտքի լավագույն օրինակներն են ու վերստին վկայում են, թե մեր օրերում ինչպիսի բազմաշերտ ու բազմազան մշակույթ է գրահրատարակչությունը:

Այս յուրօրինակ ցուցադրությանը հայ այցելուները կարող են ծանոթանալ մինչև հունիսի 16-ը: Սակայն սրանով հայ-բրիտանական նախագիծը չի ավարտվում և այն կշարունակվի արդեն աշնանը` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բրիտանիայում` Նորթամփթոնի համալսարանում: