14 հունիսի 2012 - 19:51 AMT
Հայաստանը եկամուտների, մաքսային և հարկային ոլորտներում կհամագործակցի Վիետնամի և Սինգապուրի հետ

ՀՀ կառավարությունը հունիսի 14-ին կայացած հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին։ Ծրագիրը, որն ուղղված է Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 18 քաղաքային և 92 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առավել կենսական, անհապաղ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը և ջրամատակարարման բարելավմանը, նախատեսվում է սկսել այս տարի և ավարտել 2017 թվականին։