19 մարտի 2003 - 21:38 AMT
ԱՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԱՏՕ-Ն
Այսօր Մոսկվայում սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական, 6-րդ նիստը: «Վրեմյա նովոստեյ» թերթի հաղորդագրության համաձայն, նիստի հիմնական հարցը կլինի փաստաթղթերի նախապատրաստումը ՀԱՊ-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերափոխելու համար: Ինչպես պարզաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Չեռնովը, այդ վերափոխումների անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ՀԱՊ-ին անդամակցող պետությունների ներքին օրենսդրությունները ոչ միշտ են թույլ տալիս օպերատիվ արձագանքել մասնակիցների պահանջներին: Եթե ՀԱՊ-ի շրջանակներում կողմերից մեկին սպառնալիքի դեպքում նախատեսված են պարտադիր խորհրդատվություններ, ապա ՀԱՊԿ-ում ուժի մեջ կմտնի պայմանագրի այն հոդվածը, որը պարտավորեցնում է ռազմական օգնություն ցուցաբերել: Նմանատիպ դրույթ կա ՆԱՏՕ-ի հիմնարար փաստաթղթի 5-րդ հոդվածում: Վերջնականապես ՀԱՊ-ը կվերածվի ՀԱՊԿ-ի ապրիլի 28-ին Դուշանբեյում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Արդյունքում կհայտնվի միջազգային իրավունքի սուբյեկտ` լիամասշտաբ ռազմա-քաղաքական կազմակերպություն, որն իրավասու կլինի իրականացնել իրավաստեղծ, իրավապահ եւ իրավակիրառական ֆունկցիաներ միջազգային համագործակցության ոլորտում, կնքել ամենատարբեր պայմանագրեր եւ դիվանագիտական հարաբերություններ ունենալ ցանկացած միջազգային կազմակերպության հետ: Նշենք, որ ՀԱՊ-ի նիստին մասնակցելու համար այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: