
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԿԳՆ մամուլի ծառայությունից` նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար և վստահեցրել, որ այն կունենա շարունակություն:
«Մենք համոզված ենք, որ քաղաքական և հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկապես միջբուհական համակարգում: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է»,- շեշտել է նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար: