Բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորեն –Գրինը սիրով է ընդունել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջարկը` դառնալ նրա գլխավոր հրավիրյալ դիրիժորը:
Մամլո ասուլիսում նա նշեց, որ երբ առաջին անգամ եկավ Հայաստան համագործակցելու ֆիլհարմոնիկի հետ, «սիրահարվեց նվագախմբին»: Այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ևս մեծ սիրով եկավ Հայաստան: Այս անգամ նրան էլ ավելի հիացրեց նվագախումբը, և արդյունքում համաձայնվեց դառնալ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր:
Առայժմ առաջարկը բանավոր համաձայնության մակարդակի վրա է:
Գերմանացի հայտնի դաշնակահար Բերնդտ Գլեմզերը, ով նույնպես առաջին անգամ չէ ելույթ ունենում Երևանում, ասաց որ միշտ սիրում է գալ Հայաստան, և իրոք տարեց տարի նվագախումբն ավելի լավն է դառնում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին դաշնակահարը նվագախմբի հետ ներկայացնելու է Պ. Ի. Չայկովսկու Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
Համերգը ղեկավարելու է Ուորեն –Գրինը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը կկատարի Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները: