21 հունիսի 2012 - 13:09 AMT
Շվեյցարիայում համերգով հանդես է եկել հանրահայտ դաշնակահար Սերգեյ Բաբայանը

Հունիսի 13-ին Ժնևի «Վիկտորիա հոլլում» կայացավ հանրահայտ դաշնակահար Սերգեյ Բաբայանի բարեգործական համերգը, որը կազմակերպել էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը, Պարենի համաշխարհային կազմակերպությունը (ՊՀԿ) և Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը:

Բարեգործական համերգի արդյունքում հավաքված գումարը կուղղվի Հայաստանում ՊՀԿ կողմից իրականացվող ծրագրին` դպրոցներում աշակերտների համար անվճար սննդի ապահովմանը:

Համերգի բացմանը ողջույնի խոսք ասաց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պարենի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության ղեկավարները:

Միջոցառմանը ներկա էին նաև Ժնևի քաղաքապետը, միջազգային կազմակերպությունների, Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՊՀԿ-ն ամեն տարի 60 երկրներում մոտ 22 մլն. աշակերտների ապահովում է տաք սննդով: Հայաստանում ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող այս ծրագիրն ընդգրկում է մոտ 50.000 երեխա` հիմնականում անապահով ընտանիքներից: