27 սեպտեմբերի 2004 - 18:55 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայ-թուրքական սահմանի բացումը կարեւոր է տարածաշրջանի կայունացման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին Բրյուսելում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, հանդիպման ընթացքում, որի օրակարգում էր նաեւ Հայաստանի թեման, Ռ.Պրոդին ընդգծել է, որ թեեւ Հայաստանի հետ սահմանի բացումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար, այդուհանդերձ, Հայաստանի հետ առկա խնդիրները «կարող են երեւան գալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում»: Ռ.Էրդողանն իր հերթին նշել է, թե Թուրքիան նպատակ ունի բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարեւանների հետ: