29 սեպտեմբերի 2004 - 19:12 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՀՐԱՎԻՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակել է երկկողմ հանդիպումները: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Արաբական Լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հատուկ հրավիրյալի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը իսլամական աշխարհի այդ կարեւոր կազմակերպության աշխատանքներին: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում փոխըմբռնման հուշագիր ստորագրել Երեւանում կամ Կահիրեում: Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Ղեյթի հետ, որի հետ քննարկվել էին երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Այսօր նախատեսված է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: