29 սեպտեմբերի 2004 - 22:23 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ադրբեջանցի խորհրդարանականները մտադիր չեն մասնակցել հոկտեմբերի 5-8-ը Երեւանում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստին: Ըստ Բաքվի «Էխո» թերթի` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Տիմոշենկոն: Նրա խոսքերով` հրավերի փաստաթղթեր են ստացվել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի եւ վերը նշված հանձնաժողովի անդամների անունով: «Ավելի վաղ նման միջոցառումների մեկնում էինք Ալի Աբասովն ու ես: Սակայն այժմ նա պատգամավոր չէ, այլ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: Եվ ահա ես եմ ստացել հրավեր», - հաղորդել է Տիմոշենկոն: Սակայն, նրա խոսքերով` դեռ Սանկտ Սանկտ-Պետերբուրգում հանձնաժողովի վերջին նիստում ինքը միանշանակ հայտարարել էր, որ հաջորդ միջոցառմանը չի մասնակցելու: Տիմոշենկոն կարծում է, որ նույնիսկ անլուրջ կլիներ թույլ տալ հարցի լուծման այլ տարբերակներ: