1 հոկտեմբերի 2004 - 22:12 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԻՍՏԸ
Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի հիմնադիր նիստը, որին հայկական կողմից մասնակցում են ՀՀ էնրգետիկայի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության փոխնախարարները, վրացական կողմից` Վրաստանի վարչապետը, առաջին տիկինը, ինչպես նաեւ երկու երկրներից խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով մասնակիցներին` նշել է, որ «այս նախաձեռնությունը նոր որակ կարող է հաղորդել հայ-վրացական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին»: Նիստի ընթացքում Վրաստանի վարչապետ Զ.Ժվանիան նշել է, որ «այս կազմակերպությունը չի դառնա հերթական սիմվոլիկ կառույց»: Նրա խոսքերով` այդ առումով արդեն կան կոնկրետ ծրագրեր: Վրացական կողմի համանախագահ Բ.Ջուղելիի կարծիքով` ասոցիացիայի հիմնական նպատակն է ստեղծել ընդհանուր անդրկովկասյան շուկա: Նշենք, որ նոյեմբերին ասոցիացիայի համաժողովը տեղի կունենա Հայաստանում: