Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում անցկացնելու հնարավորության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները ծանոթացել են Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներին: