Այսօր Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշված վարկային միջոցները կներգրավի առաջիկա 6 ամիսների ընթացքում և բնակչությանը կտրամադրի առավելագույնը 200,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով մատչելի և երկարաժամկետ բնակարանային հիփոթեքային վարկեր, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
«Բնակարանաշինությունը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապես տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նույնպես պատասխանատու է անշարժ գույքի շուկայի և հիփոթեքային վարկավորման խթանման համար: ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը հնարավորություն կունենա ակտիվորեն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը», նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
«Չնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է և շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ և բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի և հասանելի»,հավելեց Գրիգորյանը: