2 հոկտեմբերի 2004 - 19:22 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՍԵՄԻՆԱՐԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ
Նոյեմբերի 26-28-ին Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից «Ռոուզ-Ռոթի» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող սեմինարին հայ խորհրդարանականների մասնակցությունն այնքան էլ կարեւոր չէ: Հինգշաբթի օրը նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Զիաֆետ Ասքերովը: Նրա խոսքերով` Ադրբեջանի խնդրանքով սեմինարում կքննարկվեն «Ադրբեջանի ինքնիշխանության եւ անվտանգության հետ կապված հարցեր. նախեւառաջ Հարավային Կովկասի անվտանգության հարցերը եւ ապա` ղարաբաղյան հիմնախնդիրը եւ դրա կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը»: Նշենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովն այդ կապակցությամբ հայտարարել է, որ նա դեմ չէ սեմինարին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը: