
Հուլիսի 2-8-ը Երևանում կանցկացվեն պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից:
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ԳԹԿ(Գնահատման և թեստավորման կենտրոն) լրատվական ծառայությունից:
Քննությունների մասնակցելու համար դիմումների ընդունելությունը սկսվել է հունիսի 24-ից և կտևի մինչև հուլիսի 1-ը` ժամը 18.00 ներառյալ:
Քննություններին կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2012թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2012թ. շրջանավարտները, 2011-2012 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: