6 հոկտեմբերի 2004 - 23:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
«Հայաստանը Բուլղարիայի հետ քաղաքական խնդիրներ չունի: Մենք բուլղարական կողմի համար կարող ենք լինել վստահելի եւ կանխատեսելի գործընկեր»,-հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`ելույթ ունենալով Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի պաշտոնական այցի շրջանակներում Երեւանում կազմակերպված հայ-բուլղարական գործարար համաժողովում: Նրա խոսքերով` Հայաստանի ընդգրկումը Եվրամիության «Ընդլայնված Եորոպա. նոր հարեւաններ» ծրագրի մեջ մեծացնում է երկրի քաղաքական կանխատեսելիության աստիճանը, ինչպես նաեւ` նշանակում է, որ «Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունները որոշակի ձեւակերպում են ստանալու մոտ ժամանակներում»: Այդ առումով նա կարեւորել է 2007թ. Եվրամիությանը Բուլղարիայի անդամակցության որոշումը, եւ երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը: Գ.Պրվանովն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը ստեղծել է «որակապես նոր` եվրոպական տիպի հարաբերություններ»: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը Բուլղարիան «համարում է դարպաս դեպի Եվրոպա»` խոստանալով նախադրյալներ ստեղծել այդ առումով Երեւանի մտադրություններն իրականացվելու համար: