Ըստ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի 2013թ. նախագահական ընտրություններին:
Այդ մասին Մարտիրոսյանը հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսում՝ նշելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել ՀԱԿ-ում թեկնածուի հետ կապված: «ՀԱԿ-ում ես այլ խարիզմատիկ առաջնորդ չեմ տեսնում»,-ասել է նա:
Մարտիրոսյանը նշել է, որ նույնիսկ հիմա ՀԱԿ-ում տարակարծություն կա ԲՀԿ համագործակցության հարցում:
Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի կողմից նախագահի թեկնածուների առաջադրմանը՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ապա Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Վարդան Օսկանյանը կարող է մասնակցել, իսկ ՀՅԴ դեպքում, հաշվի առնելով ընտրությունները կուսակցության գերագույն մարմին և բյուրո, կուսակցությունը կարող է այլ թեկնածուի պաշտպանել, սեփական թեկնածու չառաջադրելով:
«Ժառանգության» վարչության փոխնախագահը նշել է նաև, որ այժմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները արդեն գալիս են «Ժառանգության» այն համոզմանը, որ Հայաստանում պետք է խորհրդարանական կառավարում լինի: Ըստ նրա, Հայաստանին համակարգային փոփոխություններ են հարկավոր, իսկ դա հնարավոր է միայն իշխանական համակարգի փոփոխության դեպքում: