29 հունիսի 2012 - 15:58 AMT
«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլով Հայաստան կժամանեն 110 սփյուռքահայ պատանիներ

Հուլիսի 2-ին, ժամը 10.00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` բացման կմասնակցեն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այս փուլով Հայաստան են ժամանելու 110 սփյուռքահայ պատանի և աղջիկ:

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Նախորդ 3 տարիներին Հայաստան է այցելել շուրջ 1800 սփյուռքահայ երիտասարդ: 2012թ. ակնկալվում է 1000 երիտասարդի այցելություն աշխարհի 35 երկրից:

«Արի տուն 2012» ծրագիրն իրականացվում է հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ը՝ 8 փուլով: Այս տարի ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային հանգիստ Աղավնաձորում:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակից երիտասարդները ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Աբխազիան, ԱՄՆ-ը, Սիրիան, Հորդանանը, Ռումինիան, Կանադան: