«Հարսնաքար» ռեստորանի բակում այսօր երեկոյան` ժամը 21.00-ից հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` մոմավառությամբ հարգելու հունիսի 17-ին ռեստորանում ծեծի ենթարկված ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հիշատակը:
Հարյուրավոր մարդիկ շրջապատել էին «Հարսնաքարը» և մոմեր էին վառում ռեստորանի պատերի մոտ, ռեստորանի պատին գրվել էր «Հարսնաքար-Հանցաքար», փակցվել էին Վահե Ավետյանի լուսանկարը, «Չե՛ք մարսելու» , «Վահե Ավետյանը ես եմ» պաստառներ:
Ակցիային մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` Անահիտ Բախշյանը, Լիլիթ Գալստյանը, Լևոն Զուրաբյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Ռուստամյանը և շատ այլ հասարական ու մշակությաին ոլորտի ներկայացուցիչներ:
Ակցիայի մասնակիցները մոմավառությունից հետո հավաքվել էին ռեստորանի մուտքի մոտ, որտեղ, ի դեպ, այդ ժամանակ հարսանիք էր:
Մուտքի մոտ բախում եղավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների մի մասի միջև. հավաքվածները փորձում էին ներս մտնել ռեստորան, իսկ ոստիկանները դիմադրում էին, հավաքվածներն էլ ի պատասխան վանկարկում էին. «Նեմեց՝ մարդասպան», «Նեմեց՝ հեռացիր» և նման արտահատություններ:
Չնայած հորդառատ անձրևին` հավաքվածները դեռ որոշակի ժամանակ շարունակում էին մնալ ռեստորանի տարածքում:
Այդպես էլ չկարողանալով ներս մտնել ռեստորանի տարածք՝ որոշվեց ակցիան շարունակել վաղը`հուլիսի 1-ին ժամը 13.00-ին նախագահական նստավայրի առջև:
Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 29-ին ծեծից հետո այդպես էլ ուշքի չգալով մահացել է ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: