Քենիայում ահաբեկիչները հարձակվել են երկու քրիստոնեական տաճարների վրա՝ կրակ բացելով հավատացյալների վրա և նետելով մի քանի նռնակ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակումների արդյունքում զոհվել է 16 հոգի, ավելի քան չորս տասնյակ տուժած կա: 10 մարդ մահացել է տեղում, ևս 6-ը մահացել են ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին: Մոտ 40 վիրավորներից 10-ը կրիտիկական վիճակում են:
Ահաբեկիչները կանխամտածված կերպով հարձակվել են եկեղեցիների վրա, երբ այնտեղ մեծ քանակությամբ հավատացյալներ կային, որոնք եկել էին կիրակնօրյա պատարագին: Զինված մարդկանց խմբերը խուժել են երկու տաճարներ Գարիսսայում (Սոմալիի հետ սահմանից 140կմ հեռավորության վրա)՝ կաթոլիկ տաճար և Աֆրիկյան ներքին եկեղեցու բողոքական տաճար:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչական ակցիային մասնակցել է յոթ հոգի. հինգը հարձակվել են ԱՆԵ տաճարի վրա, իսկ ևս երկուսը՝ կաթոլիկ տաճարի վրա: Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել, հաղորդում է Lenta.ru-ն: