19 հոկտեմբերի 2004 - 19:11 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների շրջանակում` փոխզիջումների հիման վրա»,- հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Մեծ Բրիտանիայի Ստորին պալատի պատգամավոր գորդոն Մերսդենի գլխավորած բրիտանական Միջխորհրդարանական միության խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, խոսելով ժամանակ առ ժամանակ Բաքվի կողմից Երեւանի հասցեին արվող ռազմամոլական հայտարարությունների մասին` Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ «Ադրբեջանում այնուամենայնիվ կհաղթանակի բանականությունը, քանզի նոր պատերազմը տարածաշրջանում հղի է անդարձելի եւ ծանր հետեւանքներով»: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից վարվող հակահայկական քարոզչության քաղաքականությանը` նախարարը հայտարարել է. «Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում մենք նպատակահարմար չենք գտնում ներգրավել մեր ժողովրդին եւ այլ երկրներ, քանզի վերջին 7 տարիների ընթացքում մենք բանակցություններ ենք վարում Բաքվի հետ»: Հայ-բրիտանական ռազմական համագործակցության հարցերի քննարկման ընթացքում Ս.Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն այսուհետ եւս կզարգանա եւ կխորանա: Նշենք, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: